Վրաստանի ազգային թանգարանում բացվել է «Դեղին գետից մինչև Կովկաս. Չինաստանի Շանսի նահանգի բրոնզե գանձերը» միջազգային ցուցահանդեսը

14:26, 22.07.2026

Վրաստանի ազգային թանգարանում բացվել է «Դեղին գետից մինչև Կովկաս. Շանսի նահանգի բրոնզե գանձերը, Չինաստան» միջազգային ցուցահանդեսը։

Տեղեկատվությունը հրապարակել է Վրաստանի մշակույթի նախարարությունը։

Նրանց խոսքով՝ ցուցահանդեսում ներկայացված են Շանսի թանգարանի հավաքածուի 36 ակնառու բրոնզե ցուցանմուշներ, որոնք ընդգրկում են գրեթե երկու հազարամյակ (մ.թ.ա. 16-րդ դար – մ.թ. 3-րդ դար)։

Բրոնզե մշակույթը վճռորոշ դեր է խաղացել հին չինական քաղաքակրթության զարգացման գործում։ Այն զգալի ազդեցություն է ունեցել չինական պետության, արվեստի և մշակութային ավանդույթների ձևավորման վրա։

«Շանսի թանգարանի հավաքածուի ցուցահանդեսը Վրաստանում վրացի այցելուների համար եզակի հնարավորություն է ծանոթանալու Չինաստանի բրոնզե դարի քաղաքակրթությանը՝ համաշխարհային մշակութային ժառանգության ամենակարևոր մասերից մեկին։ Նման նախագծերը ամրապնդում են մեր երկրների միջև համագործակցությունն ու բարեկամությունը, խորացնում Վրաստանի և Չինաստանի միջև մշակութային երկխոսության գործընթացը», – ցուցահանդեսի բացման ժամանակ ասել է Վրաստանի մշակույթի փոխնախարար Գրիգոլ Ցերցվաձեն։

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Վրաստանի ազգային թանգարանի գլխավոր տնօրեն Դավիթ Լորթքիպանիձեն, Վրաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Չժոու Ցյանը, Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը և Շանսի թանգարանի փոխտնօրեն Լանգ Յուջունը։

Նմանատիպ