Վրաստանի ազգային բանկը և Կորեայի բանկը գիտելիքների փոխանակման գործընկերային ծրագրի շրջանակներում ստորագրել են երկկողմ համաձայնագիր
Վրաստանի ազգային բանկը հյուրընկալել է Կորեայի բանկի ներկայացուցիչներին և Կորեայի ֆինանսական հեռահաղորդակցության և քլիրինգի ինստիտուտի (KFTC) պատվիրակությանը։ Հանդիպման շրջանակում կողմերը «Գիտելիքի փոխանակման գործընկերային ծրագրի» (Knowledge Partnership Program) շրջանակներում ստորագրել են երկկողմ համագործակցության համաձայնագիր։
Վրաստանի ազգային բանկի կողմից փաստաթուղթը ստորագրել է ՎԱԲ-ի փոխնախագահ Էկատերինե Գալդավան։
ՎԱԲ-ի փոխանցմամբ՝ 2026 թվականի ծրագիրը նվիրված է «Բաց բանկինգը և բաց ֆինանսները՝ որպես ավանդական վճարային ենթակառուցվածքի մրցունակ այլընտրանք» թեմային։ Ծրագրի նպատակն է Վրաստանի համար բաց ֆինանսների էկոհամակարգի զարգացման ուղղությամբ միջազգային փորձի փոխանակումը և համապատասխան կարգավորող, ինստիտուցիոնալ ու տեխնիկական մոդելի մշակման աջակցությունը։
Հանդիպմանը Վրաստանի ազգային բանկի նախագահ Նաթիա Թուրնավան ընդգծել է Վրաստանի ազգային բանկի և Կորեայի բանկի միջև համագործակցության կարևորությունը։ Նրա խոսքով՝ 2025 թվականին իրականացված համատեղ ծրագիրը, որը վերաբերում էր Վրաստանում անկանխիկ հաշվարկների համակարգի զարգացմանը, նշանակալի ներդրում է ունեցել երկրի վճարային ենթակառուցվածքի գնահատման և դրա զարգացման ուղղությունների որոշման գործում։
ՎԱԲ նախագահն խոսել է նաև Վրաստանի ազգային բանկի նախաձեռնությունների մասին, որոնք նպաստում են ֆինանսական ծառայությունների նորարարական էկոհամակարգի զարգացմանը։ Նրա խոսքով՝ Ազգային բանկի գլխավոր առաջնահերթություններից մեկը ժամանակակից թվային ֆինանսական միջավայրի ձևավորումն է, որի շրջանակներում վերջին տարիներին իրականացվել են մի շարք կարևոր բարեփոխումներ, այդ թվում՝ բաց բանկինգի շրջանակի, թվային բանկերի լիցենզավորման ռեժիմի, վիրտուալ ակտիվների ծառայություններ մատուցողների կարգավորող շրջանակի և սթեյբլքոյնների թողարկման իրավական հիմքերի ստեղծումը։
«Վերջին 12 ամիսների ընթացքում Վրաստանում բաց բանկինգի ծառայություններից օգտվել են ավելի քան ինը միլիոն անգամ, ինչը վկայում է, որ համակարգն արդեն ձևավորվել է որպես հուսալի հիմք ամենօրյա թվային ֆինանսական ծառայությունների համար։ Մեր հաջորդ փուլը բաց ֆինանսների զարգացումն է, որը հաճախորդի համաձայնության հիման վրա կապահովի ֆինանսական տվյալների ավելի լայն և անվտանգ փոխանակում։ Այս ուղղությամբ Կորեայի MyData մոդելը ամենահաջողված միջազգային փորձերից մեկն է, և դրա փորձը Վրաստանի համար հատկապես արժեքավոր կլինի»,— նշել է Նաթիա Թուրնավան։
ՎԱԲ-ի փոխանցմամբ՝ «Գիտելիքի փոխանակման գործընկերային ծրագրի» շրջանակներում կորեացի փորձագետները Ազգային բանկի թիմի հետ միասին կաշխատեն բաց ֆինանսների էկոհամակարգի զարգացման հայեցակարգի վրա։ Ծրագիրը ներառում է ինչպես միջազգային փորձի փոխանակում, այնպես էլ Վրաստանի իրավական և կարգավորող միջավայրի վերլուծություն, բաց ֆինանսների մոդելի և էկոհամակարգի ճարտարապետության, ներդրման փուլային պլանի, տվյալների փոխանակման, սպառողների իրավունքների պաշտպանության, կառավարման և տեխնիկական չափանիշների մշակման հարցեր։
Ծրագրի շրջանակներում կանցկացվեն նաև աշխատանքային հանդիպումներ Վրաստանի բանկային ասոցիացիայի, առևտրային բանկերի, ֆինտեխ ընկերությունների և ոլորտի այլ ներկայացուցիչների հետ։ Ծրագիրը տարվա ընթացքում կշարունակվի միջանկյալ սեմինարներով, կարողությունների զարգացման միջոցառումներով և եզրափակիչ միջոցառմամբ, որտեղ կներկայացվեն հետազոտության վերջնական արդյունքներն ու հանձնարարականները՝ Վրաստանի բաց ֆինանսների էկոհամակարգի զարգացման համար։