Վրաստանի Առաջին ալիքի հաջողությունը ժողովրդական երաժշտության միջազգային փառատոնում

17:48, 17.04.2026

Ժողովրդական երաժշտության միջազգային փառատոնում (Svetozár Stračina Grand Prix 2026) Առաջին ալիքի «Խալխուրի» (Ժողովրդական) նախագծի շրջանակներում «Ախալի Բանա» անսամբլի կողմից կատարված «Նադուրի» երգը հաղթող է ճանաչվել՝ դառնալով հանդիսատեսի համակրանքի մրցանակակիր:

Փառատոնը, որը կազմակերպվել էր Սլովակիայի հեռուստատեսության և ռադիոյի կողմից՝ Եվրոպական հեռարձակողների միության հետ համագործակցությամբ, անցկացվել է ապրիլի 14-16-ը:

Այս տարի փառատոնին ներկայացված էր 31 ձայնագրություն 14 երկրից։ Տարբեր անվանակարգերում հաղթողներին ընտրել է միջազգային ժյուրին։ Փառատոնի պատմության մեջ այս տարի առաջին անգամ քվեարկության հիման վրա հաղթող է հայտարարվել «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում։ Վրացական ժողովրդական երգի համար նախատեսված մրցանակն ընդունել է Սլովակիայի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կոնստանտինե Քվաչակիձեն։

Առաջին ալիքի կողմից Svetozár Stračina Grand Prix 2026 փառատոնին ներկայացված էին Հանրային հեռարձակողի նախագծերում կատարված վրացական ժողովրդական հետևյալ երգերը.

  • «Չակրուլո» – «Ռանինա» մանկական երաժշտական նախագծից՝ Գաբրիել Բոդավելիի, Սանդրո Գուրգենաձեի և «Շավնաբադա» անսամբլի կատարմամբ։

  • «Նադուրի» – «Խալխուրի» նախագծից՝ «Ախալի Բանա» անսամբլի կատարմամբ։

  • «Չեմո վարդո» – «Ակուստիկա» նախագծից՝ Վասո Կորնիենկոյի կատարմամբ։

«„Խալխուրի“ հաղորդման ընթացքում կատարված „Նադուրի“ երգը հաղթեց ժողովրդական երաժշտության միջազգային փառատոնում և դարձավ հանդիսատեսի ընտրյալը։ Վրաստանի Առաջին ալիքի համար ֆոլկլորային երաժշտությունն առանձնահատուկ նշանակություն ունի. մեր արխիվը պահպանում է ժողովրդական երգի հնագույն և եզակի ձայնագրություններ։ Այսօր մեր հարթակներում բազմաթիվ նախագծեր են նվիրված ժողովրդական երաժշտությանը և դրա հանրայնացմանը», – հայտարարել է Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին։

Հիշեցնենք, որ 2023 թվականին Svetozár Stračina Grand Prix փառատոնում Առաջին ալիքի կողմից ներկայացված «Խասանբեգուրա» երգը ստացել էր հատուկ մրցանակ՝ որպես «Ժողովրդական երաժշտության լավագույն ձայնագրություն»։

Նմանատիպ