Վրաստանի ադրբեջանցիները ցավակցական նամակ են հղել Իլիա II-ի մահվան կապակցությամբ
Վրաստանում բնակվող ադրբեջանցիները ցավակցություն են հայտնում Վրաստանի պատրիարքարանին, վրաց ուղղափառ համայնքին և վրաց ժողովրդին՝ Վրաստանի կաթողիկոս-պատրիարք, Նորին Սրբություն և Երանություն Իլիա II-ի մահվան կապակցությամբ։
«Վրաստանի ադրբեջանցիների անունից խորին ցավակցություն ենք հայտնում Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք, Նորին Սրբություն և Երանություն Իլիա II-ի մահվան կապակցությամբ։
Այս ծանր կորուստը մեծ կորուստ է ոչ միայն Վրաստանի ուղղափառ համայնքի, այլև ամբողջ վրացական հասարակության համար։ Պատրիարքը իր կյանքը նվիրել է ժողովրդին, հոգևոր արժեքների պաշտպանությանը և տարբեր կրոնական համայնքների միջև խաղաղության, փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման ամրապնդմանը։
Նրա գործունեությունը նշանակալի ներդրում է ունեցել Վրաստանում ապրող բոլոր ազգերի և կրոնների ներկայացուցիչների միջև միասնության և ներդաշնակության մթնոլորտի զարգացման գործում։ Այս առումով նրա հիշատակը միշտ կպահպանվի պատվով և ակնածանքով։
Մաղթում ենք համբերություն այս դժվարին օրը և աղոթում ենք մահացածի հոգու հանգստության համար։
Բացի այդ, տեղեկացնում ենք ձեզ, որ ստեղծված ցավալի իրավիճակի պատճառով Վրաստանի ադրբեջանցիների կողմից Նովրուզի տոնի հետ կապված միջոցառումները չեղարկվել են։ Որոշումը կայացվել է մահացածի հիշատակը հարգելու և սգո ընդհանուր զգացումը կիսելու համար», – ասվում է ցավակցական նամակում, որը Ռամիլիա Ալիևան տարածել է սոցիալական ցանցերում։