Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հանդիպել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության «Սոկարի» նախագահ Ռովնագ Աբդուլաևի հետ:
Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, զրույցը հիմնականում վերաբերել է Վրաստանի և Ադրբեջանի միջև բարիդրացիական հարաբերություններին և գործընկերության տարբեր ոլորտներին:
Հատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանում «Սոկարի» կողմից իրականացվող ներդրումային նախագծերին և ապագա համագործակցության խորացման հեռանկարներին:
Նշվել է, որ Վրաստանին «Սոկար» կորպորացիայի հետ կապում է բնական գազի ոլորտում հաջող համագործակցություն, որի ևս մեկ արդյունքն է երկրում սոցիալական գազի գնի օպտիմալացման համաձայնագիրը: Մասնավորապես, Վրաստանի կառավարության հանձնարարությամբ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության, նավթի և գազի կորպորացիայի և «Սոկար» ընկերության միջև բանակցությունների միջոցով, Վրաստանը Ադրբեջանից 200 մլն. խորանարդ մետր ծավալի այսպես կոչված սոցիալական գազ կստանա նվազեցված սակագնով:
Սոցիալական գազի մատակարարման պայմանագրում փոփոխությունը, որն ուժի մեջ է 2016 թվականից, վարչապետի հետ այսօր կայացած հանդիպումից հետո, ստորագրել են Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Թուրնավան, նավթի և գազի կորպորացիայի գլխավոր տնօրեն Գիորգի Բախտաձեն և «Սոկար» ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաևը:
Այս համաձայնագրի արդյունքում, Վրաստանի կառավարությունը կկարողանա բնակչության համար ավելի երկար ժամանակ պահպանել բնական գազի գնի կայունությունը: Ընդգծվել է, որ «Հարավի գազի միջանցքի» չորրորդ փուլի ավարտից հետո, որը նախատեսում է «Շահ Դենիզի» գազի մատակարարում եվրոպական շուկա, ավելի շատ ադրբեջանական գազ կանցնի Վրաստանով:
Միևնույն ժամանակ, երկիրը կկարողանա ադրբեջանական գազը գնել ավելի բարենպաստ գնով, իր պահանջարկը բավարարելու համար:
Վարչապետի հետ հանդիպմանը և համաձայնագրի ստորագրման արարողությանը ներկա էին Վրաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փաիգ Գուլիևը, SOCAR ENERGY GEORGIA-ի գլխավոր տնօրեն Մահիր Մամեդովը, SOCAR-ի ներդրումների և մարկետինգի գծով նախագահ Էլշադ Նասարովը և SOCAR-ի ներդրումների բաժնի ղեկավար Վագիֆ Ալիևը: