Սկսվել է Աֆղանստանից Վրաստանի պաշտպանական ուժերի դուրսբերման գործընթացը:
Ըստ Վրաստանի պաշտպանության նախարարության, Արևմտյան հրամանատարության երրորդ հետևակային բրիգադի հավաքակազմը Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունից հայրենիք վերադարձած առաջին ստորաբաժանումն է:
Ըստ նրանց, վրացական զորախումբը գերմանական հրամանատարության ներքո ՆԱՏՕ-ի գլխավորած «Ուժեղ աջակցություն» առաքելությունն իրականացնում էր «Մարմար» հենակետում, որի հիմնական խնդիրն էր արագ արձագանքման առաջադրանքների իրականացումը:
«Միջազգային առաքելությունից վրացի խաղաղապահների Վազիանի վերադարձը հանդիսավոր կերպով նշվեց 4-րդ մեքենայացված բրիգադի տարածքում: Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն և պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլին շնորհավորեցին անձնակազմին առաքելության արժանապատիվ և հաջող կատարման կապակցությամբ: Նրանք շնորհակալություն հայտնեցին խաղաղապահներին իրենց առանձնահատուկ ծառայության և նշանակալի ներդրման համար և մեկ անգամ եւս հարգեցին առաքելության ընթացքում զոհված զինվորների հիշատակը:
Զինծառայողներին խոսքով դիմել է Վրաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանը: Հուբերտ Քնիրշը շեշտել է վրացի զինվորականների բարձր պրոֆեսիոնալիզմը, համաշխարհային անվտանգության ապահովման գործում ռազմական դաշնակիցներին աջակցելու նրանց արժանապատիվ ծառայությունը և նրանց նշանակալի ներդրումը:
Միջոցառումը շարունակվեց խաղաղապահների պարգևատրմամբ: Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում խաղաղապահ առաքելությանը նշանակալի մասնակցության համար 11 զինծառայողներ պարգեւատրվել են մեդալներով՝ «խաղաղապահ գործողություններին մասնակցելու համար»: 2004 թվականից ի վեր ավելի քան 20 000 վրացի զինծառայողներ տարբեր ռոտացիաների (ISAF, RSM) շրջանակներում մասնակցել են Աֆղանստանում անցկացվող միջազգային առաքելություններին», – ասացին պաշտպանության նախարարությունից: