Այսօր տեղի ունեցավ կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը, որտեղ մենք քննարկեցինք կուսակցության կողմից անցկացվելիք համագումարին վերաբերող հարցեր,- այս մասին կուսակցության գրասենյակում կայացած ճեպազրույցում հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն:
Կախա կալաձեի խոսքով, «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության համագումարը տեղի կունենա շաբաթ օրը` հունվարի 16-ին, որին կմասնակցեն շուրջ 400 պատվիրակներ ամբողջ երկրից:
« Համագումարը կընտրի կուսակցության նոր նախագահին ու կուսակցության քաղխորհրդի նոր կազմը: Քաղաքական խորհրդի որոշմամբ ՝ կուսակցության նախագահի պաշտոնում առաջադրվելու է Իրակլի Կոբախիձեի թեկնածությունը:
Քաղաքական խորհուրդը հաստատել է նաև նորացված քաղաքական խորհրդի անդամության 21 հոգուց բաղկացած թեկնածուների ցուցակը: Նոր քաղաքական խորհրդի անդամների անունները կիմանաք շաբաթ օրը կայանալիք համագումարում: Բիձինա Իվանիշվիլիի հեռացումը քաղաքականությունից, անշուշտ, մարտահրավեր է մեր կուսակցության համար:
Այժմ մենք ունենք առանձնահատուկ պատասխանատվություն, որպեսզի համատեղ աշխատելով ավարտին հասցնենք Բիձինա Իվանիշվիլիի սկսած գործը և Վրաստանը դառնա իսկական Եվրոպական պետություն, ամրապնդենք ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները, մեր քաղաքացիների բարեկեցությունը բարձրանա, աղքատությունը հաղթահարվի և երկիրը բարգավաճի: Մենք վստահ ենք, որ մեր քաղաքական թիմի միասնությամբ և նպատակասլաց աշխատանքով մենք անպայման հասնելու ենք այդ նպատակներին», – հայտարարել է Կախա Կալաձեն: