Վրաց Ուղղափառ Եկեղեցու ընդլայնված եկեղեցական ժողովը, որի ժամանակ կընտրվի Պատրիարքը, տեղի կունենա Սամեբա տաճարում
Մեստիայի և Վերին Սվանեթիի միտրոպոլիտ, սրբազան Իլարիոնի հայտարարությամբ՝ Վրաց Ուղղափառ Եկեղեցի ընդլայնված եկեղեցական ժողովը, որի ժամանակ կընտրվի Պատրիարքը, տեղի կունենա Սամեբա տաճարում։
Բացի այդ, ինչպես Սինոդի նիստից հետո հայտարարել է սրբազան Իլարիոնը, Սուրբ Սինոդի այսօրվա նիստում քննարկվել են ընթացակարգային-կազմակերպչական հարցեր։
Նրա խոսքով՝ նշված հարցերը կրկին պետք է քննարկվեն Սինոդի հաջորդ նիստում, որից հետո տեղի կունենա Պատրիարքի թեկնածուների ընտրությունը։
«Սինոդի նիստում որոշում է կայացվել ընթացակարգային-կազմակերպչական հարցերի վերաբերյալ։ Կազմակերպչական հարցերը պետք է քննարկվեն նաև հաջորդ Սինոդի ժամանակ, որից հետո վերջնականապես տեղի կունենա թեկնածուների ընտրությունը։ Կառավարման կանոնադրությունը չի փոփոխվի, քանի որ դա պետք է փոխի ընդլայնված ժողովը, երբ ընտրվի նոր Պատրիարքը»,- հայտարարել է սրբազան Իլարիոնը։
Սրբազան Իլարիոնին հարց է տրվել, թե արդյոք որոշում է կայացվել Պատրիարքի թեկնածուի տարիքի վերաբերյալ, ինչին նա պատասխանել է. «Առայժմ ոչինչ։ Դա կլինի քննարկման առարկա, և հետո կիմանաք։ Կրթության հարցի շուրջ քննարկում չի եղել»։
Սուրբ Սինոդի նիստը, որտեղ կընտրվեն Պատրիարքի թեկնածուները, կնշանակվի Համայն Վրաց Կաթողիկոս-Պատրիարքի մահվանից 40 օր անց։ Ընտրված երեք թեկնածուները կներկայացվեն ընդլայնված եկեղեցական ժողովին, որի անցկացման ամսաթիվը, հավանաբար, կսահմանվի Սինոդի հենց այդ նիստում։
Վրաց Եկեղեցու կառավարման կանոնադրության համաձայն՝ Պատրիարքի թեկնածուն պետք է բավարարի հետևյալ պահանջներին. լինի ազգությամբ վրացի, Վրաց Ուղղափառ Եկեղեցու եպիսկոպոս, ունենա աստվածաբանական կրթություն և եկեղեցական կառավարման բավարար փորձ, տարիքը՝ ոչ պակաս, քան քառասուն և ոչ ավել, քան յոթանասուն տարեկան, լինի վանական։