Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի Կստովո քաղաքի նավթավերամշակման գործարանի վրա
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզի Կստովո քաղաքի նավթավերամշակման գործարանի վրա։
Ինչպես հաղորդում է BBC-ն, Կստովոյի գործարանը Ռուսաստանում խոշորագույններից մեկն է, որը պատկանում է Լուկօյլ ընկերությանը:
«Անօդաչու թռչող սարքի հարվածից հետո օբյեկտի տարածքում հրդեհ է նկատվել»,- ասվում է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ։
Նիժնի Նովգորոդի մարզի նահանգապետ Գլեբ Նիկիտինը գրել է, որ Կստովոյի արդյունաբերական գոտու ձեռնարկություններից մեկի տարածքում անօդաչու թռչող սարքի բեկորներ են ընկել, և հրդեհ է բռնկվել։ Նա չի հաստատել, որ խոսքը կոնկրետ «Լուկօյլ» նավթավերամշակման գործարանի մասին է:
BBC-ի փոխանցմամբ՝ 2025 թվականին Ուկրաինան անօդաչու թռչող սարքերի միջոցով երկրորդ լայնածավալ հարձակումն է իրականացրել Ռուսաստանի տարածքի վրա։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանի ինը շրջաններում ոչնչացվել է 104 ուկրաինական անօդաչու թռչող սարք։
Կստովոյի նավթավերամշակման գործարանը ուկրաինական անօդաչու թռչող սարքերի թիրախ էր դարձել նաև 2024 թվականին։