Իսպանիայում գնացքի մեքենավարները գործադուլ են հայտարարել, երթուղիների մոտ 40%-ը չեղարկված է

18:15, 10.11.2026
Իսպանիայում գնացքի մեքենավարները գործադուլ են հայտարարել, ինչի պատճառով երկրում երկաթուղային տեղաշարժը խափանվել է։
Իսպանիայի պետական երկաթուղային օպերատոր «Ռենֆեի» փոխանցմամբ՝ նոյեմբերի 10-ին հեռավոր և միջին հեռավորության սպասարկման երթուղիների մոտ 40%-ը չեղարկվել է, ինչից տուժել է 4 042 ուղևոր։ Մադրիդում ուղևորափոխադրման սպասարկման 90%-ը, իսկ Բարսելոնայում տեղական սպասարկման 50%-ը չեղարկվել է։
«Ռոյթերսի» փոխանցմամբ՝ գնացքի մեքենավարները պահանջում են ավելացնել ներդրումները երկրի երկաթուղային ենթակառուցվածքում այն ֆոնին, երբ այս տարի Իսպանիայում երկաթուղու վրա երկու վթար է տեղի ունեցել։ Մեքենավարները հայտարարում էին, որ անհրաժեշտ է բարելավել անվտանգության համակարգերը։
Ի գիտություն՝ հոկտեմբերի 28-ին Տոլեդոյի նահանգում երկու գնացք բախվել են միմյանց։ Գնացքներում գտնվել է ավելի քան 540 ուղևոր։ Աղետին զոհ է գնացել 69 մարդ։ Վթարի ենթադրյալ պատճառը եղել է մարդկային սխալը՝ ազդանշանային համակարգի անսարքությանն արձագանքելիս։
Իսկ հունվարի 18-ին Իսպանիայի հարավում՝ Կորդոբա քաղաքի մոտակայքում, ճեպընթաց գնացքը դուրս է եկել ռելսերից և բախվել հանդիպակաց ուղղությամբ շարժվող գնացքին։ Վթարին զոհ է դարձել 46 մարդ, 290-ը վիրավորվել են։ Գնացքում գտնվել է 300 ուղևոր։

Նմանատիպ