Ուկրաինայի պաշտպանության նախարարություն – մենք կատարել ենք բոլոր պարտավորությունները, սակայն Ռուսաստանը ներկայացրել է ցուցակներ, որոնք չեն համապատասխանում Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածություններին
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է ռազմագերիների փոխանակման վերաբերյալ Ռուսաստանի կողմից արված հայտարարությունը։
Նախարարությունում նշում են, որ իրենք կատարել են բոլոր պարտավորությունները զոհվածների դիերի փոխանցման և ռազմագերիների փոխանակման հարցում և փոխանցել են անհրաժեշտ ցուցակները ռուսական կողմին, սակայն Ռուսաստանը ի պատասխան ներկայացրել է ցուցակներ, որոնք չեն համապատասխանել ձեռք բերված պայմանավորվածություններին։
«Իսկապես գոյություն ուներ պայմանավորվածություն։ Սակայն ամսաթիվը համաձայնեցված չէր։ Ռուսական կողմը ձեռնարկել է միակողմանի գործողություններ, որոնք համաձայնեցված չեն եղել համատեղ գործընթացի շրջանակում», – նշված է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հայտարարությունում։
Ուկրաինական կողմը նշում է, որ Ռուսաստանը կրկին փորձում է «փոխել խաղի կանոնները» արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածություններից հետո։
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը կոչ է անում Ռուսաստանին չստեղծել արհեստական խոչընդոտներ և չտարածել կեղծ հայտարարություններ։
Հիշեցնենք, որ մինչ այդ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, թե ուկրաինական կողմը զոհվածների դիերի փոխանցումն ու ռազմագերիների փոխանակումը անորոշ ժամանակով հետաձգել է։