Ուկրաինայի արտգործնախարարությունում կարծում են, որ միջնորդության հնարավոր դադարեցման մասին հայտարարություններով ԱՄՆ-ը փորձում է խթանել խաղաղարար գործընթացը
Միջնորդության հնարավոր դադարեցման մասին հայտարարություններով ԱՄՆ-ը փորձում է խթանել խաղաղարար գործընթացը, – այս մասին ասել է Ուկրաինայի արտգործնախարարության ներկայացուցիչ Գեորգի Տիխին։
Ինչպես նշել է Տիխին, Ուկրաինայում կարծում են, որ սա հաղորդակցման ռազմավարության մի մասն է։
«Մենք տեսել ենք մեկնաբանություններ և ազդակներ, մասնավորապես՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյից։ Մենք կարծում ենք, որ սա հաղորդակցման ռազմավարության մաս է։ Նման ազդակներ հրապարակավ հղելով՝ ամերիկյան կողմը փորձում է խթանել և արագացնել խաղաղարար գործընթացը», – նշել է Գեորգի Տիխին։
Նրա պարզաբանմամբ՝ Ուկրաինան չի ստացել «պաշտոնական դիվանագիտական տեղեկատվություն» ԱՄՆ-ի՝ խաղաղ գործընթացից դուրս գալու ցանկության վերաբերյալ։ Ուստի, նման հայտարարությունները Կիևում ընկալում են որպես ազդակ, որն ունի գործընթացն արագացնելու նպատակ և «ոչ թե դրամատիկ է»։
Անցյալ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ եթե խաղաղ գործընթացում առաջընթաց չարձանագրվի, Վաշինգտոնը չի բացառում միջնորդությունից դուրս գալը։