Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը հայտարարում է, որ Թրամփի, Պուտինի և Սի Ձինփինի միջև հանդիպումը կխրախուսի Ռուսաստանին շարունակել պատերազմը
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդեյ Սիբիգայի խոսքով՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների մասնակցությամբ եռակողմ հանդիպումը կխրախուսի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ շարունակելու պատերազմն ընդդեմ Ուկրաինայի։
Այս մասին Սիբիգան գրել է X սոցիալական ցանցում։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի տեղը չէ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի առաջնորդ Սի Ձինփինի կողքին՝ համենայն դեպս, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է հարձակումները Ուկրաինայի խաղաղ բնակչության վրա։
«Պուտինին նման հանդիպման հրավիրելը է՛լ ավելի կսնի նրա՝ ինքնահաստատման ձգտումը և նրան կշնորհի կարգավիճակ, որին նա արժանի չէ։ Նա համաշխարհային առաջնորդ չէ, նա ռազմական հանցագործ է։ Իսկ Ռուսաստանը համաշխարհային տերություն չէ, այն համաշխարհային խնդիր է»,- գրել է Սիբիգան։
Միաժամանակ, Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպումը կարող է օգնել ավելի արագ ավարտել պատերազմը։ Հիշեցնենք, որ ամերիկյան լրատվամիջոցները նախկինում հայտնել էին, թե Վլադիմիր Պուտինն առաջարկել է հաջորդ ամիս եռակողմ հանդիպում անցկացնել Դոնալդ Թրամփի և Սի Ձինփինի մասնակցությամբ։ Ըստ հաղորդումների՝ հանդիպման նպատակը Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ քննարկումն էր լինելու։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաստատել է, որ նման հանդիպման հնարավորությունը քննարկվել է, սակայն նշել է, որ եռակողմ գագաթնաժողովի շուրջ դեռևս պայմանավորվածություն ձեռք չի բերվել։