Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Ռոստովի մարզին և Կրասնոդարի երկրամասին. կան զոհեր և վիրավորներ
Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Ռոստովի մարզին և Կրասնոդարի երկրամասին, կան զոհեր և վիրավորներ։
Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարի հայտարարության համաձայն՝ վնասվել են արդյունաբերական օբյեկտներ և բնակելի տներ։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում խոցվել է 30 ԱԹՍ։
Ուկրաինական մոնիտորինգային ալիքների տվյալներով՝ ենթադրաբար հարվածի թիրախը եղել է Ազովի օպտիկամեխանիկական գործարանը, որը արտադրանք է թողարկում պաշտպանական արդյունաբերության համար։
Ռոստովի մարզի նահանգապետը նաև հայտնել է, որ Տագանրոգում մեկ մարդ վիրավորվել է։
Կրասնոդարի երկրամասում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Սևերսկի շրջանում գտնվող երկու ձեռնարկություններում։ Այս մասին հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը։
«Ցավոք, կան զոհեր»,- սոցիալական ցանցում գրել է նա, սակայն մանրամասներ չի հստակեցրել։
Ուկրաինական Տելեգրամ ալիքների տեղեկատվությամբ՝ Սևերսկի շրջանում հարվածը կրկին հասցվել է Իլսկիի նավթավերամշակման գործարանին։ Ձեռնարկությունում հրդեհ է բռնկվել։
Ի գիտություն, ուկրաինական դրոնները Իլսկիի նավթավերամշակման գործարանին վերջին անգամ հարվածել էին օգոստոսին։