Ոստիկանությունը Թբիլիսիում՝ Վերայում տեղի ունեցած սպանության և վիրավորման փաստով մեկ անձի է ձերբակալել

10:13, 23.07.2026

Ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները երկու կամ ավելի անձանց նկատմամբ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության փորձի մեղադրանքով թեժ հետքերով ձերբակալել են մեկ անձի:

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը սույն թվականի հուլիսի 22-ին Թբիլիսիում հրազենից արձակված կրակոցներով վիրավորել է չորս անձի և դեպքի վայրից դիմել փախուստի: Վիրավորների թվում երկու անչափահաս կա:

«Չորսն էլ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով տեղափոխվել են կլինիկա, սակայն ստացված վնասվածքների հետևանքով անչափահասներից մեկը հիվանդանոց տեղափոխվելուց կարճ ժամանակ անց մահացել է:

Իրավապահները թեժ հետքերով իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հանցագործություն կատարած անձին ձերբակալել են պատահարից կարճ ժամանակ անց:

Ձերբակալման պահին մեղադրյալը զինված դիմադրություն է ցույց տվել իրավապահներին: Ձերբակալման ընթացքում մեղադրյալը ձեռքի մատների վնասվածք է ստացել:

Քննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 19-109-րդ հոդվածով, որը նախատեսում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում», – նշված է ՆԳՆ տեղեկատվության մեջ:

Նմանատիպ