Ոստիկանությունը ձերբակալել է երկու անձի՝ Վրաստան թմրանյութերի ապօրինի ներմուծման կասկածանքով
Վրաստանի ՆԳՆ Կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները համալիր օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալել են նախկինում դատապարտված անձանց՝ 1972թ. ծնված Լ.Ա.-ին և 1972թ. ծնված Գ.Չ.-ին թմրամիջոցների անօրինական ձեռքբերման, պահման և Վրաստան ապօրինի ներմուծման փաստով։
Հանցագործությունները նախատեսում են մինչև 20 տարվա կամ ցմահ ազատազրկում։
Ձերբակալվածները Վրաստան են մուտք գործել Եվրոպայի մի երկրից՝ Թբիլիսիի օդանավակայանի միջոցով։
Իրավապահները Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Լ.Ա.-ի մոտ գտնվող փոքր պայուսակից հայտնաբերել են թմրամիջոց, իսկ Գ.Չ.-ի մոտ հայտնաբերվել է 336 հաբ «Սուբոտեքս» թմրամիջոց, որը մեղադրյալը Վրաստան էր ներմուծել իր մարմնում թաքցված վիճակում։
Ոստիկանությունը երկուսին էլ ձերբակալել է որպես մեղադրյալ։
Քննությունը շարունակվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 260-րդ և 262-րդ հոդվածներով։