Իրանի արտաքին գործերի նախարարություն. Հայաստանը Թեհրանին երաշխիք է տվել, որ «Թրամփի ճանապարհի» շրջանակներում ամերիկյան ռազմական անձնակազմ չի տեղակայվի
Հայաստանը Իրանին հավաստիացրել է, որ «Թրամփի ճանապարհ» (Trump Road) տրանսպորտային նախագծի իրականացումը չի հանգեցնի տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների կամ աշխարհաքաղաքական պատկերի փոփոխության։ Ավելին, շինարարական աշխատանքներն իրականացվելու են հայկական ընկերությունների կողմից, իսկ նախագծի տարածքում ամերիկյան զինվորական անձնակազմ չի տեղակայվելու։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
Նա հավելել է, որ Թեհրանը դեռ սկզբից Երևանին տեղեկացրել է նախագծում Միացյալ Նահանգների ներգրավվածության և տարածաշրջանային անվտանգության վրա դրա հնարավոր ազդեցության վերաբերյալ իր մտահոգությունների մասին։
Բաղային նշել է, որ թեև Իրանը ողջունում է տարածաշրջանում տրանսպորտային կապերի բացումը, միաժամանակ պնդում է, որ նման նախագծերը չպետք է հանգեցնեն միջազգայնորեն ճանաչված սահմանների կամ տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության։ Ըստ Իրանի ԱԳՆ ներկայացուցչի՝ Թեհրանը ուշադրությամբ հետևում է նախագծի իրականացման ընթացքին, քանի որ կարծում է, որ տարածաշրջանում Միացյալ Նահանգների ներկայությունն ու միջամտությունը լրացուցիչ ռիսկեր են ստեղծում Իրանի անվտանգության համար։
Բացի այդ, Բաղային նշել է, որ Իրանը Հայաստանի հետ պահպանում է բարիդրացիական հարաբերություններ և, անհրաժեշտության դեպքում, կրկին կներկայացնի իր դիրքորոշումը նախագծում ներգրավված կողմերին։