Վոլոդիմիր Զելենսկին Իսրայելին կոչ է անում չձեռնարկել քայլեր, որոնք կթուլացնեն երկկողմ հարաբերությունները. «Ռուսաստանի կողմից գողացված ուկրաինական հացահատիկի գնումը ենթադրում է պատասխանատվություն»
Վոլոդիմիր Զելենսկին Իսրայելին կոչ է անում չձեռնարկել քայլեր, որոնք կթուլացնեն երկկողմ հարաբերությունները. «Ռուսաստանի կողմից գողացված ուկրաինական հացահատիկի գնումը ենթադրում է պատասխանատվություն»

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Իսրայելին կոչ է անում չձեռնարկել քայլեր, որոնք կթուլացնեն երկկողմ հարաբերությունները։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ Ռուսաստանի կողմից գողացված ուկրաինական հացահատիկի գնումը առաջացնում է իրավական պատասխանատվություն։

Զելենսկու պնդմամբ՝ Ռուսաստանը համակարգված կերպով հափշտակում է հացահատիկը Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքներից և կազմակերպում է այդ հացահատիկի արտահանումը օկուպանտների հետ կապված անձանց միջոցով։

«Բոլոր նորմալ երկրներում գողացված ապրանքների գնումը գործողություն է, որն առաջացնում է իրավական պատասխանատվություն։ Դա հատկապես վերաբերում է Ռուսաստանի կողմից գողացված հացահատիկին։ Իսրայելական նավահանգիստ է մտել նմանատիպ հացահատիկ տեղափոխող ևս մեկ նավ և պատրաստվում է բեռնաթափման։ Դա մաքուր բիզնես չէ և չի կարող լինել։ Իսրայելի իշխանությունները չեն կարող չիմանալ, թե որ նավերը և ինչ բեռով են մտնում երկրի նավահանգիստներ։ Նման գործարքները խախտում են հենց Իսրայել պետության օրենքները։ Ուկրաինան դիվանագիտական խողովակներով ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները նման միջադեպերը կանխելու համար։ Այնուամենայնիվ, մենք տեսնում ենք, որ ևս մեկ նման նավ չի կանգնեցվել», – հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկու պնդմամբ՝ Ուկրաինան, հետախուզական ծառայություններից ստացված տեղեկատվության հիման վրա, պատրաստում է համապատասխան պատժամիջոցների փաթեթ, որը կվերաբերի ինչպես այս հացահատիկի անմիջական տեղափոխմանը, այնպես էլ այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք փորձում են շահույթ ստանալ այս հանցավոր սխեմայից։

Ապրիլի 27-ին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան սոցիալական ցանցում գրել էր, որ Իսրայելի Հայֆա քաղաքի նավահանգիստ է մտել մի նավ, որը բեռնված էր Ուկրաինայի օկուպացված տարածքներից գողացված հացահատիկով։ Դրա հետ կապված՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Իսրայելի դեսպանը։

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի հայտարարության համաձայն՝ մեղադրանքը չի հանդիսանում ապացույց, և Իսրայելին համապատասխան ապացույցներ չեն ներկայացվել։

Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Եվրոպական միությունը քննարկում է պատժամիջոցների սահմանումը Իսրայելի այն ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք օգնել են Ռուսաստանին գողացված ուկրաինական հացահատիկի ապօրինի առևտրում։