Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Վոլոդիմիր Զելենսկին այս մասին հայտնել է սոցիալական ցանցերում։
Նրա խոսքով՝ նպատակն է քննարկել Ժնևում ԱՄՆ պատվիրակության հետ բանակցություններից հետո Ուկրաինայում խաղաղություն հաստատելու հեռանկարները։
Ուկրաինայի նախագահը Քիր Սթարմերի հետ հեռախոսազրույցը անվանել է «լավ և արդյունավետ»։
Զելենսկիի խոսքով՝ ինքը Մեծ Բրիտանիայի վարչապետին տեղեկացրել է Ռուսաստանի կողմից ուկրաինական քաղաքների վրա լայնածավալ հարձակման մասին։
Բացի այդ, ինչպես բացատրել է Զելենսկին, Ռուսաստանը լայնածավալ հարվածներ է հասցնում այն ժամանակ, երբ «Ուկրաինան, Ամերիկայի, Եվրոպայի և աշխարհի շատ այլ երկրների հետ միասին, գործնականում աշխատում է շուրջօրյա՝ արյունահեղությունը դադարեցնելու համար»։
«Ժնևում կայացած հանդիպումներից հետո մենք տեսնում ենք բազմաթիվ հեռանկարներ, որոնք կարող են իրականություն դարձնել խաղաղության ճանապարհը։ Կան կարևոր արդյունքներ, բայց դեռ շատ աշխատանք կա անելու։ Այսօր կկայանա «Կամավորների կոալիցիայի» հանդիպումը», – գրել է Զելենսկին սոցիալական ցանցերում։