Վոլոդիմիր Զելենսկին հայտարարում է, որ Ուկրաինան հարված է հասցրել Ռուսաստանի Կիրով քաղաքում գտնվող ձեռնարկությանը, որն աշխատում է ռազմաարդյունաբերական համալիրի համար. հարձակման թիրախում է հայտնվել նաև նավթային օբյեկտը

18:27, 24.07.2026

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հայտարարությամբ՝ Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարված են հասցրել Ռուսաստանի Կիրով քաղաքում գտնվող ձեռնարկությանը, որն աշխատում է Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի համար:

Զելենսկիի խոսքով՝ հարձակման թիրախում է եղել նաև նավթային օբյեկտը, որը գտնվում է Ուկրաինայից մոտ 1 350 կիլոմետր հեռավորության վրա:

«Այս ձեռնարկությունը բաղադրիչներ է արտադրում օկուպանտների ավիացիոն և հրթիռային տեխնիկայի համար, որոնք, ի թիվս այլնի, օգտագործվում են մեր քաղաքների և բնակավայրերի դեմ զանգվածային հարվածների ժամանակ», – նշել է Վոլոդիմիր Զելենսկին:

Ուկրաինայի նախագահի հայտարարությամբ՝ շարունակվում է ռուսական լոգիստիկայի դեմ հարվածներ հասցնելու գործողությունը: Նրա խոսքով՝ խոսքը լոգիստիկ ցանցի մասին է, որը ռուսական բանակին ապահովում է անօդաչու սարքերի համար անհրաժեշտ բաղադրիչներով, նավիգացիոն և ռազմական սարքավորումներով:

Զելենսկին շնորհակալություն է հայտնել «ճշգրտության և արդար պատասխանի համար» Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներին, հետախուզությանը և Ուկրաինայի անվտանգության ծառայությանը, որոնք մասնակցում են այս գործողություններին:

Ի գիտություն՝ ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել Կիրովի վրա հրթիռային հարձակման հետևանքով 6 մարդու զոհվելու և 32-ի վիրավորվելու մասին: Ինչպես նշել է մարզի նահանգապետը, իշխանություններն աջակցություն ցույց կտան զոհվածների ընտանիքներին:

Նմանատիպ