Վոլոդիմիր Զելենսկին հայտարարում է էներգետիկ ոլորտի պետական ձեռնարկությունների բարեփոխման մեկնարկի մասին
Մենք սկսում ենք էներգետիկ ոլորտի հիմնական պետական ձեռնարկությունների բարեփոխումը,- այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ մեկ շաբաթվա ընթացքում պետք է ձևավորվեն նոր վերահսկիչ խորհուրդներ, որոնք կապահովեն էներգետիկ ընկերությունների կառավարման բարեփոխումը։
«Մենք սկսում ենք էներգետիկ ոլորտի հիմնական պետական ձեռնարկությունների բարեփոխումը։ Նրանց ֆինանսական գործունեության լիարժեք աուդիտի հետ մեկտեղ, այդ ընկերությունների կառավարումը կթարմացվի։ Այսօր վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի և էկոնոմիկայի նախարար Ալեքսեյ Սոբոլևի հետ միասին մենք մշակել ենք գործողությունների ծրագիր։ Մեկ շաբաթվա ընթացքում պետք է ստեղծվեն բոլոր պայմանները նոր, պրոֆեսիոնալ վերահսկիչ խորհրդի ձևավորման համար, որը կապահովի ընկերությունների կառավարման լիարժեք բարեփոխում», – գրում է Զելենսկին։
Նա ասել է, որ մյուս բոլոր խոշոր պետական էներգետիկ ընկերությունների վերահսկիչ խորհուրդները կթարմացվեն նոր անձնակազմով։
«Բացի այդ, ես հանձնարարել եմ կառավարության ներկայացուցիչներին մշտական կապ պահպանել իրավապահ և կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների հետ։ Այս ընկերություններում բացահայտված ցանկացած սխեմայի պետք է արձագանք տրվի անհապաղ և արդարացիորեն։ Էներգետիկ ոլորտում լիակատար թափանցիկությունը մնում է բացարձակ առաջնահերթություն», – գրել է Զելենսկին։