Վոլոդիմիր Զելենսկին գտնվում է Հունաստանում, որտեղ հանդիպել է երկրի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի հետ
Վոլոդիմիր Զելենսկին գտնվում է Հունաստանում, որտեղ հանդիպել է երկրի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի հետ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին գտնվում է Հունաստանում, որտեղ հանդիպել է երկրի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի հետ։ Առաջնորդները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր, մասնավորապես էներգետիկ ոլորտում։

Հունաստանի նախագահը նշել է, որ իր երկիրը վճռականորեն աջակցում է Ուկրաինային։

«Ռուսաստանի անհիմն և անօրինական ներխուժման առաջին իսկ պահից մեր երկիրը կանգնած է եղել ձեր կողքին, ինչպես մնացած Եվրոպան, ձեր մեծ ջանքերում և պայքարում՝ ազգային ինքնիշխանությունն ու ազատությունը պաշտպանելու համար: Մենք ամուր կանգնած կլինենք Ուկրաինայի կողքին», – ասել է Տասուլասը։

Իր հերթին, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն հայտնեց Հունաստանին քաղաքական և էներգետիկ աջակցության համար։

«Ուկրաինայի համար դժվար ձմեռ է մոտենում: Ուկրաինան բազմաթիվ մարտահրավերների է բախվում: Հարվածները ամենօրյա են՝ թե՛ անօդաչու թռչող սարքերով, թե՛ հրթիռներով, ուստի մենք, նախևառաջ, շնորհակալություն ենք հայտնում ձեր քաղաքական աջակցության համար, ինչպես նաև շնորհակալություն ենք հայտնում էներգետիկ ոլորտում ցուցաբերած աջակցության համար», – նշեց Զելենսկին։

Տեղեկության համար, Վոլոդիմիր Զելենսկին նախկինում նշել էր, որ Ուկրաինան գազ կներմուծի Հունաստանից՝ իր ձմեռային կարիքները բավարարելու համար։