Վոլոդիմիր Զելենսկին ասում է, որ Ռուսաստանը վերջին շաբաթվա ընթացքում Ուկրաինայի դեմ օգտագործել է մինչև 1700 անօդաչու թռչող սարք, ավելի քան 1630 ավիառումբ և 95 տարբեր տեսակի հրթիռ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ վերջին շաբաթվա ընթացքում ռուսական կողմը Ուկրաինայի դեմ օգտագործել է մինչև 1700 անօդաչու թռչող սարք, ավելի քան 1630 ավիառումբ և 95 տարբեր տեսակի հրթիռ, որոնց կեսից ավելին բալիստիկ են։
«Մենք ամեն օր աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ ապահովելու համար, որ մեր զինվորները ունենան այն, ինչ անհրաժեշտ է այս հարվածներին դիմակայելու համար: Շատ կարևոր է, որ մենք ժամանակին ստանանք հակաբալիստիկ սարքավորումների փաթեթներ: Յուրաքանչյուր հրթիռ այժմ բառացիորեն օգնում է կյանքեր փրկել, եթե այն գտնվում է այստեղ՝ ուկրաինական համակարգերում, այլ ոչ թե մեր գործընկերների պահեստներում», – նշել է Զելենսկին։
Վոլոդիմիր Զելենսկին նաև խոսել է վերջին հարձակումների մասին։
Նրա խոսքով, Խարկովի բնակելի շենքերի վրա հարձակման վայրում աշխատում են բոլոր անհրաժեշտ ծառայությունները. մեկ մարդ զոհվել է, իննը՝ վիրավորվել, այդ թվում՝ երկու երեխա։
«Մեզ հաջողվել է խփել բազմաթիվ թիրախներ, բայց, ցավոք, ոչ բոլորը: Հարվածները հասցվել են Խերսոնի, Դոնեցկի, Դնեպրոպետրովսկի, Խարկովի, Սումիի, Օդեսայի, Նիկոլաևի, Զապորոժիեի և Չեռնիգովի մարզերում և Կիևում: Մայրաքաղաքը հարված է ստացել բալիստիկ հրթիռներով, երեք մարդ վիրավորվել է», – բացատրել է Ուկրաինայի նախագահը։