Վոլոդիմիր Զելենսկին ասում է, որ Ռուսաստանը գիշերը Ուկրաինայի վրա արձակել է ավելի քան 70 հրթիռ և 280 անօդաչու թռչող սարք. «Մենք մեր գործընկերներից կրիտիկական պակաս ունենք հակաօդային պաշտպանության հրթիռների»

14:31, 30.07.2026

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ Ռուսաստանը գիշերը Ուկրաինայի վրա արձակել է ավելի քան 70 հրթիռ և 280 անօդաչու թռչող սարք։ Սակայն նրանք չեն կարողացել ոչնչացնել դրանք բոլորը հակաօդային պաշտպանության հրթիռների պակասի պատճառով։

Հարվածի են ենթարկվել մայրաքաղաք Կիևը և Կիևի մարզը, ինչպես նաև Դնեպրոպետրովսկը, Լվովը, Պոլտավան, Խարկովը, Նիկոլաևը, Սումին, Վիննիցան, Չերկասին և Իվանո-Ֆրանկովսկի մարզերը։

«Այն պայմաններում, երբ մենք գործընկերներից ստացված հակաօդային պաշտպանության հրթիռների կրիտիկական պակաս ունենք, մեր զինվորները անում են անհավանական բաներ և ցուցաբերում են բարձր մակարդակի պրոֆեսիոնալիզմ։ Սա արտակարգ պրոֆեսիոնալիզմ է, որը կյանքեր է փրկում, երբ հակաօդային պաշտպանության հրթիռների մատակարարումը հետաձգվում է կամ չի իրականացվում», – նշել է Զելենսկին՝ կրկին կոչ անելով Ուկրաինայի գործընկերներին օգնել երկրին՝ մատակարարելով հակաօդային պաշտպանության հրթիռներ։

Զելենսկիի խոսքով՝ միայն Դնեպրոպետրովսկի մարզում «Իսկանդեր» հրթիռային հարձակման հետևանքով զոհվել են մեծ ընտանիքի երեք երեխաներ և նրանց ծնողները։ Երկու անչափահաս կենդանի է մնացել հարձակումից և դուրս է բերվել փլատակներից։ Երեկոյան տեղի ունեցած հարձակման հետևանքով ընդհանուր առմամբ զոհվել է ութ մարդ, տասնյակները վիրավորվել են։

Տեղեկատվության համար՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հուլիսի 29-ին հայտարարել է, որ սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հարձակում։

Նմանատիպ