Վոլոդիմիր Զելենսկին ասում է, որ դեռ չգիտի՝ կառաջադրվի՞ արդյոք երկրորդ ժամկետով
Վոլոդիմիր Զելենսկին ասում է, որ դեռ չգիտի՝ կառաջադրվի՞ արդյոք երկրորդ ժամկետով

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասում է, որ դեռ չգիտի՝ կառաջադրվի՞ արդյոք երկրորդ ժամկետով։

Զելենսկին ասել է, որ դա կախված կլինի նրանից, թե ինչպես կավարտվի Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ։

«Չեսկի Ռոզլաս Պլյուս»-ին տված հարցազրույցում Զելենսկին հաստատել է, որ ժամանակ առ ժամանակ դեռ մտածում է այդ հարցի մասին։

Վոլոդիմիր Զելենսկիին նաև հարցրել են, թե արդյոք նա անձնական ցանկություններ ունի պատերազմից հետո իր անելիքների վերաբերյալ։

«Երբեմն ես պարզապես ուզում եմ մի փոքր ավելի շատ ժամանակ անցկացնել երեխաներիս հետ։ Եվ անկեղծ ասած, այս պահին կարևոր չէ, թե որտեղ», – ասել է Ուկրաինայի նախագահը։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ անցյալ տարվա դեկտեմբերին Զելենսկին ասել է, որ Ուկրաինան պետք է նախագահական ընտրություններ անցկացնի «հնարավորինս շուտ»՝ Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելուց հետո։ Զելենսկին ասել է, որ այս տեսակետը կիսում են նաև Ուկրաինայի գործընկերները։