Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ կրկին կայցելի ԱՄՆ, եթե Թրամփը հրավիրի իրեն կառուցողական երկխոսության և իրական խնդիրները լուծելու համար
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, եթե նա կրկին հրավիրի նրան «իրական խնդիրները լուծելու համար»։
Ինչպես հայտնում է Bloomberg-ը, Լոնդոնում անվտանգության հարցերով եվրոպացի առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելուց հետո Զելենսկին ասել է, որ Ուկրաինան արժանի է հավասար երկխոսության և նորից կգա ԱՄՆ, եթե Թրամփը հրավիրի նրան կառուցողական երկխոսության, իրական խնդիրները լուծելու և վճռական քայլեր ձեռնարկելու և լուրջ հարցերի պատասխանները տալու համար։
«Վստահ եմ, որ այս իրավիճակը կանցնի, և առջևում ավելի կարևոր խնդիրներ կան»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Այնուամենայնիվ, ըստ Bloomberg-ի, «Զելենսկին զգույշ էր ընտրում իր խոսքերը Սպիտակ տանը Թրամփի և փոխնախագահ Վենսի հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած առճակատումից հետո»:
Հրատարակությունը նաև նշում է, որ Լոնդոնում լրագրողների հետ խոսելիս Զելենսկին մերժել է լրագրողի խնդրանքը՝ խոսել անգլերեն՝ սխալ մեկնաբանություններից խուսափելու համար։