Վոլոդիմիր Զելենսկի. Ուկրաինային «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգերի կալանիչ հրթիռների արտադրության լիցենզիաների տրամադրումը համաձայնեցված է Դոնալդ Թրամփի հետ

14:27, 25.09.2026

Ուկրաինային «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգերի կալանիչ հրթիռների արտադրության լիցենզիաների տրամադրումը համաձայնեցված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ. այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը վերջնական համաձայնություն է տվել այս հարցում։

«Կան կոնկրետ պայմանավորվածություններ։ Նախագահ Թրամփն ինձ հետ վերջին հանդիպման ժամանակ ընդգծել է, որ ինքը վերջնական որոշում է կայացրել։ Ուկրաինան կստանա «Patriot» հրթիռների արտադրության լիցենզիաներ»,- հայտարարել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը լրացուցիչ մանրամասներ չի հստակեցրել։ Մասնավորապես, չի ճշտել՝ խոսքը բալիստիկ հրթիռների դեմ նախատեսված PAC-3 տեսակի կալանիչ հրթիռների՞ մասին է, թե՞ ավելի հին PAC-2 մոդելի։

Բացի այդ, ինչպես նշել է Զելենսկին, ԱՄՆ-ն առաջարկել է կազմակերպել Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպում։ Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը որպես նման հանդիպման հնարավոր վայր նշել է Արաբական Միացյալ Էմիրությունները։

«Ամերիկյան կողմն առաջարկել է պատրաստել եռակողմ ձևաչափ և հանդիպում տեխնիկական մակարդակով։ Մենք սպասում ենք ամսաթվի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին։ Ինչ վերաբերում է վայրին, ԱՄՆ-ն առաջարկել է Արաբական Միացյալ Էմիրությունները»,- լրատվամիջոցներին հայտնել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկու խոսքով՝ ԱՄՆ կատարած այցի ընթացքում ինքը կարողացել է Դոնալդ Թրամփի հետ քննարկել ապագա եռակողմ հանդիպումը։

«Մենք հանդիպեցինք նախագահ Թրամփի հետ և քննարկեցինք ընդհանուր հարցեր։ Դրանից հետո մեր բանակցային խմբերը պահանջեցին առանձին, երկարատև հանդիպում՝ համապատասխան մանրամասնությունները քննարկելու համար։ Պայմանավորվածությունն այսպիսին է. մենք այս մանրամասները կքննարկենք եվրոպական կողմի հետ և տեղեկատվություն կտրամադրենք, ամերիկացիները կխոսեն ռուսների հետ, և 10 օրից մենք կվերադառնանք այս կամ այն կարծիքով ու արդյունքով»,- հայտարարել է Զելենսկին։

Նմանատիպ