Վոլոդիմիր Զելենսկի. Տարածքների և Զապորոժիեի ատոմակայանի հարցերը չափազանց զգայուն են, դուք գիտեք իմ դիրքորոշումը, մենք ոչինչ իրավականորեն չենք ճանաչում
«Մենք պետք է աշխատենք չլուծված հարցերի նվազեցման ուղղությամբ. Մեր թշնամին, ամենայն հավանականությամբ, ունի իր նպատակները, և մենք դա գիտենք», – այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ ԱՄՆ մեկնելու ճանապարհին՝ ինքնաթիռի սալոնում լրագրողների հետ զրույցում։
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինայի համար կան հստակ կարմիր գծեր, և նա սպասում է կոմպրոմիսային առաջարկների ԱՄՆ-ից։ Նրա համոզմամբ՝ ամենակարևորն այն է, թե նախագահ Թրամփը որքանով է պատրաստ ապահովել անվտանգության երաշխիքներ։
«Առանցքային հարցն այն է, թե նախագահ Թրամփն ինչ տեսակի անվտանգության երաշխիքներ է պատրաստ տրամադրել Ուկրաինային։ Հասկանում եմ, որ իրավաբանորեն պարտադիր երաշխիքները կախված են ոչ միայն նախագահ Թրամփից, այլև Կոնգրեսից։ Մենք գնահատում ենք մեր թիմերի քննարկումները և այն փաստը, որ ունենք ընդհանուր տեսլական։ Սակայն սա կախված կլինի ԱՄՆ նախագահի դիրքորոշումից՝ ինչի պատրաստ է նա, երբ, և որքան ժամանակով։ Ես անկասկած շնորհակալ կլինեմ, եթե նրա որոշումը համընկնի մեր ցանկությանը։
Կարծում եմ, մեր հանդիպումները նրանց օգնեցին ավելի լավ պատկերացում կազմել շատ մանրամասների մասին՝ թե անվտանգության երաշխիքների մասով, թե այն մասին, թե ինչպիսի երաշխիքների կարիք ունենք Ռուսաստանի հետ պայմանավորվածությունների ռիսկերի համատեքստում, քանի որ նրանք կարող են այսօր համագործակցել, իսկ վաղը՝ ոչ։ Նաեւ՝ ինչպիսին է մեր ազգը», – նշել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ հանրաքվեի կամ ընտրությունների ընթացքում պետք է ապահովվի անվտանգություն ամբողջ երկրի տարածքում։
«Ամբողջ երկրում պետք է լինի անվտանգ օդային տարածք և ապահովություն, գոնե ընտրությունների կամ հանրաքվեի ժամանակ։ Հանրաքվեն նույնպես նույն գործընթացն է, ինչ ընտրությունները, որտեղ մարդիկ կարող են գալ և ընտրություն կատարել։ Մարդիկ՝ ամենուր, մեր զինված ուժերը, խաղաղ բնակիչները, արտերկրում գտնվողները… դիտորդների ներկայությունն ամենուր ունեն վճռորոշ նշանակություն։
Եվրոպական աջակցությունը այս պահին կենսական կարևորություն ունի մեզ համար։ Մենք ունենք օդային պաշտպանության համակարգերի պակաս, և ակնհայտ է, որ նրանք այդ մասին գիտեն․ մենք տրամադրել ենք մանրամասն տեղեկատվություն։ Պետք է ամուր աջակցություն՝ համակարգերի և հրթիռների պաշարների առումով։ Մեզ հրթիռներ են անհրաժեշտ, որովհետև Ռուսաստանը շարունակում է հարձակվել ավելի շատ դրոններով և հրթիռներով», – հայտարարել է Զելենսկին։