Վոլոդիմիր Զելենսկի․ «Պատերազմի ընթացքում ընտրություններ անցկացնելն անհնար է. երեխաները չեն կարողանում դպրոց գնալ, ուստի ինչպե՞ս կարելի է ակնկալել, որ ընտրություններ կանցկացվեն»
Ուկրաինայում պատերազմի ընթացքում ընտրություններ անցկացնելն անհնար է՝ սահմանադրական դրույթների, իրավական սահմանափակումների և անվտանգության հետ կապված իրավիճակի պատճառով. այս մասին CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Նա հավելել է, որ ընտրություններ անցկացնելու համար նախ պետք է մի քանի ամսով դադարեցվեն ռազմական գործողությունները և գտնվի պատերազմն ավարտելու ուղին, որից հետո միայն հնարավոր կլինի ընտրություններ կազմակերպել։
«Ես պատրաստ եմ ընտրություններ անցկացնել նույնիսկ վաղը, սակայն եթե պատերազմը շարունակվի, մենք չենք կարողանա դա անել՝ պահպանելով Սահմանադրությունը, ընտրական օրենսդրությունը կամ, որ ամենակարևորն է, ապահովելով անվտանգությունը։ Նախևառաջ՝ մարդիկ և երեխաներն անգամ դպրոց հաճախելու հնարավորություն չունեն։ Ինչպե՞ս կարելի է ակնկալել, որ ընտրություններ կանցկացվեն։ Ինչպե՞ս կարող են ընտրություններ տեղի ունենալ, երբ 9 միլիոն մարդ արտերկրում է ապրում որպես գաղթական։ Սովորական պայմաններում արտերկրից քվեարկում է 500 հազար մարդ։ Իսկ ինչ վերաբերում է օկուպացված տարածքներում ժամանակավորապես բնակվողներին՝ այնտեղ ռուս զինվորներն են։ Ինչպե՞ս կարելի է այս ամենն իրականացնել»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ Լրագրողը հիշեցրել է նախկին պաշտպանության նախարար Միխայլո Ֆեդորովի հայտարարությունը, ըստ որի՝ նույնիսկ ձգձգվող պատերազմի պայմաններում Ուկրաինան պետք է գտնի ընտրություններ անցկացնելու իրավական և անվտանգ մեխանիզմ։ Մեկնաբանելով սա՝ Զելենսկին նշել է, որ, իր կարծիքով, երկրում ընտրությունների անցկացման օգտին հանդես եկողները առաջնորդվում են անձնական դրդապատճառներով և քաղաքականության մեջ մնալու ցանկությամբ։
«Ես սա սխալ եմ համարում։ Պատերազմի ժամանակ խաղաղությունը թիվ մեկ նպատակն է։ Քաղաքականությունը նույնիսկ երկրորդ տեղում չէ։ Նման պահին քաղաքականությունը նույնիսկ քաղաքական գործիչների համար տասներորդ տեղում է, իսկ ժողովրդի համար՝ հարյուրերորդ։ Մարդիկ այլ առաջնահերթություններ ունեն՝ ինչպես գոյատևել, ինչպես ապրել, ինչպես դպրոց հաճախել»,- ասել է Վոլոդիմիր Զելենսկին։