Վոլոդիմիր Զելենսկի․ Չեմ ուզում մտածել, որ ամերիկացի գործընկերները հնարավոր են համարում պատերազմի արագ ավարտը՝ Ուկրաինայի հաշվին, սակայն հենց այդպիսի տպավորություն է ստեղծվում

11:44, 19.10.2026

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները Կիևի վրա գործադրվող ճնշում են՝ նպատակ ունենալով հասնել կապիտուլյացիայի։

Այս մասին Զելենսկին ասել է Bloomberg-ին տված հարցազրույցում։

Նա հավելել է, որ չի ցանկանում հավատալ, թե Վաշինգտոնը մտադիր է Ռուսաստանի հետ պատերազմն ավարտել Ուկրաինայի հաշվին։

«Կարծում եմ՝ քայլեր են ձեռնարկվում Ուկրաինային դեպի կապիտուլյացիա մղելու ուղղությամբ։ Ես չեմ ասում, թե սա այն նպատակն է, որին ձգտում են մեր գործընկերները։ Չեմ ուզում մտածել, որ մեր ամերիկացի գործընկերները կարծում են, թե Ռուսաստանի դեմ պատերազմը կարելի է ավելի արագ ավարտել Ուկրաինայի հաշվին, սակայն իրավիճակն իսկապես այդպիսի տպավորություն է թողնում»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Նա նշել է, որ Ուկրաինային վտանգավոր օրեր են սպասվում։

«Վտանգավոր օրեր են սպասվում։ Իմ վերջին առաջարկն այսպիսին էր. մենք կձեռնպահ մնանք ռուսական դիզելային վառելիքի օբյեկտներին հարվածելուց, իսկ դրա դիմաց դուք մեզ կտրամադրեք «Patriot» հրթիռներ՝ մեր սեփական ենթակառուցվածքները պաշտպանելու համար։ Սակայն նրանք պարզապես ցանկանում են, որ մենք դադարեցնենք հարձակումները դիզելային վառելիքի օբյեկտների վրա»,- ասել է Զելենսկին։

Նմանատիպ