Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Մենք ԵՄ երկրներին կառաջարկենք ռուսական գազի գնի վերին շեմ, մենք պետք է կրճատենք ռուսական եկամուտները, որոնք Պուտինը օգտագործում է Ուկրաինայում պատերազմը ֆինանսավորելու համար

16:34, 07.09.2022

Եվրամիությունը անդամ երկրներին առաջարկելու է ռուսական գազի գնի վերին սահման սահմանել։ «Reuters»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

«Մենք ռուսական գազի գնի վերին շեմ կառաջարկենք։ Մենք պետք է կրճատենք ռուսական եկամուտները, որոնք Պուտինը օգտագործում է Ուկրաինայում այս դաժան պատերազմը ֆինանսավորելու համար»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ներկայացրել է բնական գազի և էլեկտրաէներգիայի թանկացող գների նվազեցման առաջարկներ՝ ներառյալ ռուսական գազի գնի սահմանաչափը և ԵՄ-ում էլեկտրաէներգիայի սպառման կրճատումը։

Բացի այդ, Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով, բնական գազի վրա չաշխատող էլեկտրաէներգիա արտադրողների եկամուտները կկրճատվեն, իսկ նրանց շահույթի մի մասը կբաշխվի տնային տնտեսություններին ու ընկերություններին աջակցելու համար։

Ինչպես գրում են լրատվամիջոցները, Եվրոպայում էլեկտրաէներգիայի և վառելիքի գները բարձրացել են Ռուսաստանից բնական գազի մատակարարման սահմանափակումների պատճառով։ Մոսկվան դրա պատճառ է անվանում տեխնիկական խնդիրներն ու Արեւմուտքի կողմից սահմանված պատժամիջոցները։

Նմանատիպ