Ուրսուլա ֆոն դեր Լեյեն – Հայաստանը տնտեսական ճնշման է ենթարկվում Ռուսաստանի կողմից, ԵՄ-ն միշտ պատասխան քայլեր է ձեռնարկում, Հայաստանը շուտով կստանա լրացուցիչ 18 միլիոն եվրո, որը կնպաստի առևտրի խթանմանը

15:27, 02.07.2026

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարեց, որ Եվրամիությունը Հայաստանին կհատկացնի 18 միլիոն եվրո՝ առևտրի խթանման համար։

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած մամուլի ասուլիսում։

«Ես գիտեմ, որ Հայաստանը դեռևս զգալի տնտեսական ճնշման է ենթարկվում Ռուսաստանի կողմից։ Իրականում սա ոչ այլ ինչ է, քան տնտեսական հարկադրանք։ Վստահ եղեք, որ երբ մեր գործընկերների վրա ճնշումն ուժեղանում է, Եվրամիությունը միշտ պատասխան քայլեր է ձեռնարկում։ Նախևառաջ, դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրո, որը կնպաստի առևտրի ամրապնդմանը և դիվերսիֆիկացմանը», – ասաց Եվրահանձնաժողովի նախագահը։

Բացի այդ, ըստ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, հայկական ապրանքները կգնան ԵՄ շուկա՝ Ռուսաստանի փոխարեն։

«Մենք ավելի առաջ ենք գնում։ Մենք կներկայացնենք այսպես կոչված ինքնավար առևտրային միջոցառումների առաջարկ, ինչը նշանակում է, որ ինքնավար առևտրային միջոցառումները կազատականացնեն Հայաստանի ԵՄ արտահանման գրեթե 80 տոկոսը։ Արդյունքում, մեզ հետ ձեր առևտրի 80 տոկոսը կլինի առանց մաքսատուրքի։ Սա մեզ թույլ կտա վերաուղղորդել այն ապրանքները, որոնք ներկայումս դեռևս մեծապես կախված են ռուսական շուկայից, և ուղարկել դրանք ԵՄ միասնական շուկա, որը ներառում է 450 միլիոն սպառող։ Համապատասխանաբար, այս միջոցառումները կբացեն Եվրոպայի դռները հայկական մրգերի, բանջարեղենի և խոտաբույսերի գրեթե 99 տոկոսի համար, որոնք նախկինում արտահանվում էին Ռուսաստան», – նշել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Նմանատիպ