Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը՝ ժամանակը կարևոր է, իսկ Ուկրաինային ֆինանսական աջակցությունը՝ կարևորագույն նշանակություն ունի եվրոպական անվտանգության համար
Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը՝ ժամանակը կարևոր է, իսկ Ուկրաինային ֆինանսական աջակցությունը՝ կարևորագույն նշանակություն ունի եվրոպական անվտանգության համար

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդիպել է Բելգիայի վարչապետ Բարտ դե Վեվերին և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին։

Այս մասին Ուրսուլա ֆոն դեր Լայենը գրել է սոցիալական ցանց X-ում՝ նշելով, որ առաջնորդների հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակն ու սառեցված ռուսական ակտիվների հարցը։

Ֆոն դեր Լայենի խոսքով՝ նրանք ունեցել են կառուցողական զրույց, որի ընթացքում պայմանավորվել են, որ ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում ժամանակն ունի վճռորոշ նշանակություն։

«Մենք ընդգծեցինք, որ Ուկրաինայի ֆինանսական աջակցությունը կենտրոնական նշանակություն ունի եվրոպական անվտանգության համար։ Այս հարցով շատ կառուցողական քննարկում ունեցանք։ Բելգիայի հատուկ իրավիճակը՝ կապված սառեցված ռուսական ակտիվների օգտագործման հետ, ակնհայտ է, և այն պետք է լուծվի այնպես, որ բոլոր եվրոպական երկրները կիսեն հավասար ռիսկ։ Մենք պայմանավորվեցինք շարունակել քննարկումները՝ Եվրոպական խորհրդի դեկտեմբերի 18-ի նիստին կոնսենսուսի հասնելու նպատակով», – գրել է ԵՄ հանձնաժողովի նախագահը։

Հիշեցնենք, որ Բելգիան չի աջակցում Եվրոպական հանձնաժողովի ծրագրին՝ ռուսական սառեցված ակտիվների հաշվին փոխհատուցման վարկ տրամադրելու վերաբերյալ։ Այդ ակտիվների մեծ մասը պահվում է հենց Բելգիայում։