Ուոլ Սթրիթ Ջորնալ. Իսրայելը ԱՄՆ-ին է փոխանցել հետախուզական տվյալներ, որոնց համաձայն՝ Իրանը Դոնալդ Թրամփի սպանության նոր ծրագիր է պատրաստում
Իսրայելն ԱՄՆ-ին հետախուզական տեղեկատվություն է փոխանցել, ըստ որի՝ Իրանը նոր պլան է պատրաստում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպանության համար․ այս մասին տեղեկատվություն է տարածում «The Wall Street Journal»-ը։
Ինչպես նշում է հրատարակությունը, սույն հարցի վերաբերյալ մեկնաբանություն անելու խնդրանքին ի պատասխան Սպիտակ տունը մատնանշել է չորեքշաբթի օրը Թրամփի արած հայտարարությունը։
ԱՄՆ նախագահը Անկարայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իր դեմ ուղղված սպառնալիքներն իրական են։
«Նրանք ցանկանում են սպանել ԱՄՆ առաջնորդին, այսինքն՝ ինձ։ Ես նրանց ցուցակում եմ։ Այսօր առավոտյան տեսա, որ ես նրանց բոլոր ցուցակներում կամ։ Մինչ այժմ, հավանաբար, պարզապես բախտս բերել է, սակայն դա կարող է երկար չշարունակվել»,- նշել է Թրամփը։
«The Wall Street Journal»-ը գրում է, որ Իրանը տարիներ շարունակ հրապարակավ հայտարարում էր, որ պատրաստվում է վրեժխնդիր լինել Թրամփից 2020 թվականին «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ամենաազդեցիկ գեներալներից մեկի՝ Ղասեմ Սոլեյմանիի լիկվիդացման համար։ Գեներալ Սոլեյմանին զոհվել էր Իրաքում ԱՄՆ ավիահարվածի հետևանքով։
Բացի այդ, տարածված տեղեկությունների համաձայն՝ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը հավաքված քաղաքացիների մի մասը տարբեր կարգախոսներ էր վանկարկում Թրամփի դեմ։ Ի թիվս այլոց, փակցվել էր նաև պաստառ՝ «Մենք կսպանենք Թրամփին» գրությամբ։