Ուկրաինայում գիշերային հարձակման հետևանքով չորս մարդ է զոհվել, կան նաև վիրավորներ
Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Կիևի մարզում ռուսական հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել։
Ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են, որ Բուչայի շրջանի Վիշնևե քաղաքում ռուսական անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով վնասվել է հինգ տրանսպորտային միջոց և հրդեհ է բռնկվել։ Ավելի ուշ հաղորդվել է Ֆաստիվի շրջանում ևս մեկ անձի վիրավորման մասին, որտեղ վնասվել են պատուհանների արտադրամասն ու երկու տրանսպորտային միջոց․ արտադրամասի անվտանգության աշխատակիցը հոսպիտալացվել է։
Լրատվամիջոցները նաև հայտնում են, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան ռուսական ուժերը երկու անգամ հարվածել են Կիևում գտնվող տվյալների մշակման կենտրոնին։
Զոհերի և վիրավորների մասին հաղորդվել է նաև Սումիի մարզից, որտեղ ռուսական հրետակոծության հետևանքով զոհվել է երեք, վիրավորվել՝ 30 մարդ։ Վիրավորների թվում կան երեխաներ՝ մասնավորապես 11 ամսական նորածին և ութ տարեկան աղջիկ, ինչպես նաև երկու դեռահաս։