Ուկրաինայի վարչապետը հայտարարել է, որ Կիևի և Վաշինգտոնի միջև բանակցություններ են ընթանում Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ ամերիկյան ներդրումներ ներգրավելու վերաբերյալ
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հայտարարում է, որ Ուկրաինայում դրոնների արտադրության մեջ ամերիկյան ներդրումներ ներգրավելու շուրջ բանակցություններ են ընթանում Կիևի և Վաշինգտոնի միջև։ Այդ մասին Սվիրիդենկոն ասել է լրագրողների հետ զրույցում Կիևում։
Վարչապետի պարզաբանմամբ՝ համաձայնագրի արդյունքում ԱՄՆ-ը կգնի ուկրաինական անօդաչու թռչող սարքեր։
«Մենք նախատեսում ենք ստորագրել պայմանագիր դրոնների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ։ Քննարկվում են ԱՄՆ-ի ներդրումները ուկրաինական անօդաչու թռչող սարքերի արտադրության ընդլայնման մեջ։ Այսինքն՝ խոսքը գնում է ուկրաինական դրոնների մեծ խմբաքանակի ձեռքբերման մասին», – հայտարարել է Ուկրաինայի վարչապետը։
Յուլիա Սվիրիդենկոյի խոսքով՝ համաձայնագրի վերաբերյալ քաղաքական որոշումը կայացրել են Ուկրաինայի և ԱՄՆ-ի նախագահները, իսկ բարձրաստիճան պաշտոնյաներն արդեն քննարկում են դրա մանրամասները։