Ուկրաինայի կոռուպցիայի դեմ պայքարի դատախազությունը Անդրեյ Երմակի դեմ որպես խափանման միջոց պահանջում է ազատազրկում կամ մինչև 4 միլիոն դոլար գրավ
Ուկրաինայի կոռուպցիայի դեմ պայքարի դատախազությունը Անդրեյ Երմակի դեմ որպես խափանման միջոց պահանջում է ազատազրկում կամ մինչև 4 միլիոն դոլար գրավ

Ուկրաինայի կոռուպցիայի դեմ պայքարի հատուկ դատախազության ղեկավար Ալեքսանդր Կլիմենկոյի խոսքով՝ գերատեսչությունը պահանջում է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Երմակի նկատմամբ խափանման միջոց կիրառել ազատազրկում։ Ալեքսանդր Կլիմենկոն այս մասին ասել է ճեպազրույցի ժամանակ։

Որպես այլընտրանքային միջոց՝ դատախազությունը քննարկում է 180 միլիոն գրիվնայի (մոտ չորս միլիոն դոլար) գրավի հարցը։

Կլիմենկոն նաև նշել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին չի ներգրավված Կիևի մոտ էլիտար բնակելի համալիրի կառուցման ընթացքում փողերի լվացման հետ կապված հետաքննության մեջ։

Ուկրաինայի Գերագույն կոռուպցիայի դեմ պայքարի դատարանը այսօր կքննարկի Երմակի համար խափանման միջոցի հարցը։

Ձեր տեղեկության համար՝ մայիսի 11-ին կոռուպցիայի դեմ պայքարի դատախազությունը և Ուկրաինայի ազգային կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն հայտարարել են, որ Անդրեյ Երմակը մեղադրվում է կազմակերպված խմբի անդամ լինելու մեջ, որը կասկածվում է 460 միլիոն գրիվնա (մոտ տասը միլիոն դոլար) լվանալու մեջ։ Զելենսկու գրասենյակի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել Ուկրաինայի քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածի 3-րդ մասով, որը վերաբերում է հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացմանը (փողերի լվացում): Այս հոդվածը նախատեսում է 8-ից 12 տարի ազատազրկում։

Երմակն ինքը հերքում է մեղադրանքները: Գործով ներգրավված է ընդհանուր առմամբ վեց անձ: Նրանց թվում են Ուկրաինայի նախկին փոխվարչապետ Ալեքսեյ Չերնիշովը և գործարար Թիմուր Մինդիչը: Հետաքննության տվյալներով՝ 2021-2025 թվականներին կասկածյալները Կիևի մարզի Կոզին գյուղում մոտ ութ հեկտարի վրա ամառանոց կառուցելու միջոցով սպիտակեցրել են ավելի քան 460 միլիոն գրիվնա: