Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյա Սերգեյ Կիսլիցան ասում է, որ ուկրաինական հասարակությունը կտրականապես դեմ է տարածքների խաղաղ փոխանցմանը
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է քննարկել Ուկրաինայի տարածքների հարցը, սակայն դա հնարավոր է միայն Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին NBC News-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցան։
Նա նաև նշել է, որ նախագահ Զելենսկին առաջնորդվում է ինչպես Ուկրաինայի գործող օրենսդրությամբ, այնպես էլ հասարակական կարծիքով։
«Կարծում եմ՝ նախագահ Զելենսկին շատ հստակ հայտարարում է և առաջնորդվում է ինչպես Ուկրաինայի գործող օրենսդրությամբ, այնպես էլ հասարակական կարծիքով, մինչդեռ հասարակությունը կտրականապես դեմ է մեր տարածքների խաղաղության դիմաց փոխանակմանը։ Այս դիրքորոշումը հստակ հայտարարված էր Վաշինգտոնում։ Սակայն, երբ մենք խոսում ենք տարածքային հարցերի մասին, կարծում եմ՝ նախագահ Զելենսկին հստակ հայտարարել է, որ պատրաստ է նստել նախագահ Պուտինի հետ և քննարկել։ Տարածքային հարցի վերաբերյալ խոսակցության մեկնարկային կետը ներկայիս շփման գիծն է», – հայտարարել է ուկրաինացի դիվանագետը։
Խաղաղ բանակցությունների վերաբերյալ Կիսլիցան նշել է, որ իր կարծիքով գործընթացը չի դադարել և շարունակում է առաջ շարժվել։
«Ցավոք, ոչ այնքան արագ, որքան կուզենայինք։ Սակայն կարծում եմ, որ այս երկուշաբթին և Սպիտակ տանը կայացած հանդիպումը վերջին ամիսների չափազանց կարևոր իրադարձություն էր։ Ես հավատում եմ, որ դա կարևոր ձեռքբերում էր, որտեղ նախագահ Թրամփն վճռորոշ դեր խաղաց», – նշել է Կիսլիցան։
Կիսլիցայի խոսքով՝ ԱՄՆ-ը և Թրամփի վարչակազմը բավարար լծակներ ունեն Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի բանակցությունների գործընթացը առաջ գնա։ Ուկրաինացի դիվանագետը կարծում է, որ Ռուսաստանը շարունակում է մանիպուլացնել ԱՄՆ-ին և նախագահ Թրամփին, և դա արդեն դառնում է ձանձրալի ամերիկյան վարչակազմի համար։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի վարչակազմը աստիճանաբար ավելի լավ է հասկանում, որ Մոսկվայի կողմից մանիպուլացիա է տեղի ունենում։
Բացի այդ, ուկրաինացի դիվանագետը խոսել է Ռուսաստանի վրա ճնշման անհրաժեշտության մասին։
«Ռուսները պետք է զգան ցավը՝ նախագահ Թրամփի առաջարկած խաղաղ ճանապարհին քայլելուց հրաժարվելու պատճառով», – նշել է Կիսլիցան։