Ուկրաինան Կատարի հետ պաշտպանական համաձայնագիր է կնքել
Ուկրաինան Կատարի հետ պաշտպանական համաձայնագիր է կնքել

Ուկրաինան Կատարի հետ կնքել է պաշտպանական նոր համաձայնագիր, որը նման է Սաուդյան Արաբիայի հետ կնքված համաձայնագրին։ Այս մասին տեղեկատվություն է տարածում «CNN»-ը։

Կատարի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ երկու երկրների միջև «համաձայնագիրը ներառում է համագործակցություն տեխնոլոգիական ոլորտներում, համատեղ նախագծերի մշակում, պաշտպանական ներդրումներ, փորձի փոխանակում հրթիռների և անօդաչու թռչող համակարգերի դեմ պայքարում»։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Դոհայում հանդիպել է Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի և Կատարի վարչապետ շեյխ Մոհամեդ բին Աբդուլրահման Ալ Թանիի հետ։

«Մենք քննարկել ենք հարցեր, որոնք կարող են էլ ավելի ուժեղացնել կյանքի պաշտպանությունը երկու երկրներում և պայմանավորվել ենք պաշտպանական ոլորտում փոխշահավետ գործընկերության շուրջ՝ առնվազն 10 տարի ժամկետով», – սոցիալական ցանցում գրել է Վոլոդիմիր Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը վերջին մի քանի օրվա ընթացքում այցելել է նաև Սաուդյան Արաբիա և Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ այդ երկրներին է փոխանցել իրանական նախագծմամբ և ռուսական արտադրության «Շահեդ» տիպի անօդաչու թռչող սարքերի որսման այն փորձը, որն Ուկրաինան կուտակել է Ռուսաստանի հետ չորս տարի տևող պատերազմի պայմաններում։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նման անօդաչու սարքերը, որոնք արդեն երկար ժամանակ է՝ հարձակվում են Ուկրաինայի վրա, այժմ Իրանն օգտագործում է Պարսից ծոցի տարածաշրջանում հարևանների վրա հարձակվելու համար։