Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահի վարչակազմը հաստատում է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները պատրաստ կլինեն հունվարին
Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքները պատրաստ կլինեն հունվարին, իսկ դրանց վերջնական տարբերակը կձևավորվի «ցանկացող երկրների կոալիցիայի» հանդիպման ժամանակ։ Այս մասին ուկրաինական լրատվամիջոցներին հայտնել են Ֆրանսիայի նախագահի վարչակազմի անանուն աղբյուրները։
Նրանց փոխանցմամբ՝ անվտանգության երաշխիքները կազմված կլինեն պաշտպանության երեք հիմնական գծերից, որոնք ներառում են Ուկրաինայում օտարերկրյա ռազմական ուժերի տեղակայումը և ՆԱՏՕ-ի Հինգերորդ հոդվածի նման պարտավորությունների ապահովումը։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ անվտանգության երաշխիքների առաջին գիծը ուժեղ ուկրաինական բանակն է, որը կլինի պաշտպանական առաջնագծում։ Այն նախատեսում է «ցանկացող երկրների կոալիցիայի» կողմից Ուկրաինայի զինված ուժերի երկարաժամկետ աջակցություն՝ Ռուսաստանի հնարավոր նոր հարձակումը զսպելու նպատակով։
Երկրորդ գիծը նախատեսում է «ցանկացող երկրների կոալիցիայի» անդամ պետությունների զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայում Ուկրաինայում՝ որպես ռազմավարական ազդակ՝ ուկրաինական բանակի սատարելու համար։ Բացի այդ, ուժեր կտեղակայվեն Ուկրաինայի սահմաններից դուրս՝ անհրաժեշտության դեպքում արագ տեղաշարժ ապահովելու համար։
Երրորդ գիծը հիմնված կլինի երաշխիքների վրա, որոնք մասամբ կապահովեն ԱՄՆ-ն և այլ գործընկերներ։ Այն կլինի ՆԱՏՕ-ի Հինգերորդ հոդվածի պարզեցված տարբերակ։
«Ցանկացող երկրների կոալիցիայի» հանդիպմանը հրավիրված են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։