Ուկրաինական բանակը «Ատակամս» բալիստիկ հրթիռներ է արձակել Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի ռազմական օդանավակայանի ուղղությամբ
Ուկրաինական բանակը «Ատակամս» բալիստիկ հրթիռներ է արձակել Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի ռազմական օդանավակայանի ուղղությամբ

Ուկրաինական բանակը «Ատակամս» տիպի բալիստիկ հրթիռներ է արձակել ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի ռազմական օդանավակայանի ուղղությամբ, ինչի հետեւանքով ռուս զինծառայողներ են վիրավորվել։

ՌԴ ՊՆ տեղեկատվության համաձայն՝ Ուկրաինայից արձակվել է վեց հրթիռ, որոնցից երկուսը խոցվել են «Պանզիր» զենիթահրթիռային համալիրի կողմից, իսկ մնացած հրթիռները չեզոքացվել են էլեկտրոնային պատերազմի միջոցով։

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Տագանրոգի օդանավակայանում «Ատակամս» հրթիռի բեկորների անկման հետևանքով զոհեր չկան, թեև կան վիրավորներ։

Մոսկվայում ասում են, որ վնասվել է օդանավակայանի տեխնիկական տարածքում գտնվող երկու շենք և երեք միավոր ռազմական մեքենաներ։

Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության՝ Տագանրոգի հրթիռային հարձակումն անպատասխան չի մնա։

Նոյեմբերի կեսերին ԱՄՆ-ն Ուկրաինային լիազորել էր հարվածներ հասցնել ռուսական տարածքի խորքերը «Ատակամս» հրթիռներով, որոնք ունեն մինչև 300 կիլոմետր հեռահարություն: