Ուկրաինացի զինվորականների և ռուս անջատողականների միջև առճակատման հետևանքով 3 զինծառայող է զոհվել
Ուկրաինայի բանակը հաղորդել է անցած 24 ժամում երեք զինծառայող կորցնելու մասին: Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, զինծառայողները զոհվել են ռուս անջատողական զինյալների կողմից հրադադարը խախտելու հետևանքով:
Անջատականներն, իրենց հերթին, պնդում են, որ ուկրաինացիների արձակած արկից վիրավորվել է երկու խաղաղ բնակիչ:
Ուկրաինայի արևելյան շրջաններում 2014 թվականի ապրիլին մեկնարկած պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 10 հազար 300 մարդ:
Վերջին անգամ ուկրաինացիները և ռուս անջատողականները հրադադար են հաստատել 2017 թվականի դեկտեմբերի 23-ին, սակայն անմիջապես դրանից հետո կողմերը սկսել են միմյանց մեղադրել հրադադարի ռեժիմը խախտելու համար: