Ուկրաինացի դպրոցականներն ու ուսանողները կուսումնասիրեն «Ազգային դիմադրության հիմունքներ» դասընթացը, որը նախատեսում է նաև զենքի կիրառման ուսուցում
Ուկրաինացի դպրոցականներն ու ուսանողները, անկախ սեռից, այսուհետ կուսումնասիրեն «Ազգային դիմադրության հիմունքներ» դասընթացը, այդ թվում՝ կտիրապետեն հրազենի կիրառմանը։ Այս մասին նշված է Ուկրաինայի Գերագույն ռադայի հայտարարության մեջ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է քաղաքացիների ազգային դիմադրության նախապատրաստման որոշակի հարցերի մասին օրենքը։
Փաստաթուղթն իրենից ներկայացնում է նոր ուսումնական մոդել, որն ինտեգրված է կրթական գործընթացում բոլոր մակարդակներում՝ միջնակարգ դպրոցից մինչև բարձրագույն կրթություն։ Փոփոխությունները նախատեսում են «Ազգային դիմադրության հիմունքներ» առարկայի ներդրում, հատուկ ուսումնական կենտրոնների ստեղծում և կարգավորում են հրազենի կիրառումը գործնական վարժանքների համար։ Համապատասխան No13347 օրենքը խորհրդարանը հաստատել է 2026 թվականի մարտի 25-ին։
Ուկրաինացի ուսանողներն ու դպրոցականները պրոֆեսիոնալ հրահանգիչների ղեկավարությամբ ձեռք կբերեն ազգային պաշտպանության հմտություններ։ Հրազենի կիրառման վարժանքները կանցկացվեն Ուկրաինայի զինված ուժերի ուսումնական պոլիգոններում, հավաստագրված հրաձգարաններում և ժամանակակից ինտերակտիվ սիմուլյատորների վրա։
Այն անձինք, ում կրոնական համոզմունքներն արգելում են զենքի կիրառումը, կարող են դասընթացի «զինված» մոդուլների փոխարեն ընտրել այլ ուսումնական բաղադրիչներ։ Հաշմանդամություն ունեցող անձինք կամ նրանք, ովքեր կորցրել են աշխատունակությունը, ազատվում են գործնական ուսուցումից։