Ուկրաինայում դատարանում նռնակ են պայթեցրել. Կա մեկ զոհ
Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլի դատարանում պայթյուն է հնչել, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդա»–ն՝ վկայակոչելով Դնեպրոպետրովսկի մարզի Ազգային ոստիկանությանը։
«Նոյեմբերի 30-ին՝ ժամը 11։20–ին՝ Նիկոպոլ քաղաքի դատարանում սպանության գործով լսումների ժամանակ, տուժածի հայրը 2 նռնակ է հանել և պայթեցրել դրանք։ Պայթյունից նա տեղում մահացել է»,– ասված է ոստիկանության հայտարարության մեջ։
Ամբաստանյալներից երեքը, պահակախմբի 2 անդամ, դատարանի մեկ աշխատակից և մեկ քաղաքացիական անձ հիվանդանոց են տեղափոխվել բեկորային վիրավորումներով, հավելել են Ազգային ոստիկանությունից։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Հեղինակ -
Edgar Barsegyan