Ուրսուլա ֆոն դեր Լայեն․ Եվրամիությունը լրացուցիչ 710 միլիոն եվրոյի օգնություն է հատկացնում հակամարտությունների, բնական աղետների և այլ գլոբալ ճգնաժամերի հետևանքով տուժածներին
Եվրոպական միությունը լրացուցիչ 710 միլիոն եվրո է հատկացնում որպես մարդասիրական օգնություն հակամարտություններից, բնական աղետներից և այլ գլոբալ ճգնաժամերից տուժածներին. այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Հակամարտությունները, եղանակային ծայրահեղ պայմանները և կյանքի թանկացումը բացասաբար են անդրադառնում աշխարհում անհամար մարդկանց կյանքի վրա։ Եթե միասին աշխատենք, կարող ենք աշխարհն ավելի լավը դարձնել։ Այսօրվա օգնության փաթեթի միջոցով մենք կաջակցենք Աֆրիկայում բռնի տեղահանված անձանց և նրանց համայնքներին, ինչպես նաև նրանց ընդունող համայնքներին։ Մենք նաև կավելացնենք արտակարգ օգնությունը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում պատերազմներից տուժած մարդկանց համար։ Իմ ուղերձը պարզ է. Եվրոպան ձեր կողքին է», – ասել է ֆոն դեր Լայենը։
Ըստ լրատվամիջոցների հաղորդումների՝ մոտ 380 միլիոն եվրո կհատկացվի Աֆրիկայի՝ Սահարայից հարավ ընկած տարածաշրջանում միգրացիայի հետ կապված միջոցառումներին։ Դրանք ներառում են աջակցություն ամենախոցելի միգրանտներին, ինչպես նաև նրանց հայրենի երկրներ վերադարձի և վերաինտեգրման դյուրացում։ 252 միլիոն եվրո կուղղվի ակտիվ զինված հակամարտություններից, բռնի տեղահանումից, համաճարակներից և բնական աղետներից տուժածներին արտակարգ օգնություն տրամադրելուն։ Այդ գումարից 97 միլիոն եվրոն կհատկացվի Աֆրիկայի՝ Սահարայից հարավ ընկած տարածաշրջանի երկրներին, 103 միլիոն եվրոն՝ պաղեստինյան տարածքներին և Լիբանանին, իսկ ևս 52 միլիոն եվրոն՝ Ուկրաինային, այդ թվում՝ ձմեռային նախապատրաստական աշխատանքների համար։