Ուկրաինայի նախագահի աշխատակազմը հերքում է մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե Ուկրաինայի երկինքը փակվել է
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակից հայտնել են, որ իրենք աշխատում են ավիաընկերությունների հետ, որոնք խնդիրներ ունեն ապահովագրական ընկերությունների հետ, ավիաընկերություններին աջակցելու նպատակով։
Համապատասխան հայտարարությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն։
Նրա խոսքով՝ կառավարությունը որոշում չի կայացրել փակել Ուկրաինայի օդային տարածքը և համապատասխան հանձնարարական չի տվել Եվրոպական ավիացիոն գործակալությանը։ Ավելի վաղ՝ փետրվարի 12-ին, ուկրաինական Սքայ Ափ ավիաընկերությունը չէր կարողացել Պորտուգալիայից Կիև թռչել, ինչը բացատրվում էր ապահովագրական ընկերությունների հետ կապված խնդիրներով՝ «աճող ռիսկերի» պատճառով։
Ավելի ուշ Սքայ Ափը դադարեցրեց տոմսերի վաճառքը փետրվարի 14-16-ը։
Հոլանդական KLM-ի կողմից դադարեցվել են նաև դեպի Ուկրաինա թռիչքները։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի տվյալներով՝ մյուս ավիաընկերությունները թռիչքներ են իրականացնում սովորական ռեժիմով։