Ուկրաինան վնասել է վեց «Սու-34» ռազմական ինքնաթիռ Ռուսաստանի Բորիսոգլեբսկ օդանավակայանում
Ուկրաինայի ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ուկրաինան վնասել է ռուսական «Բորիսոգլեբսկ» օդանավակայանում գտնվող վեց «Սու-34» ռազմական ինքնաթիռ։
Ուկրաինայի ռազմածովային ուժերը հայտնել են, որ հոկտեմբերի 15-ի գիշերը Ռուսաստանի Վորոնեժի մարզում գտնվող «Բորիսոգլեբսկ» ռազմական օդանավակայանի ուղղությամբ կիրառել են «Նեպտուն» ափային պաշտպանության հրթիռային համակարգ։
«Հարվածի արդյունքում վնասվել են վեց «Սու-34Մ» ռմբակոծիչներ։ Ոչնչացվել են նաև թռիչքային գործողություններն ապահովող տեխնիկական միջոցներ. օդանավակայանում գրանցվել են երկրորդային պայթյուններ և հրդեհներ», – ասվում է հայտարարության մեջ։
«Սու-34Մ»-ը կարող է կրել բազմաթիվ կառավարվող և բարձր հզորության ավիառումբեր, ինչպես նաև տարբեր տեսակի հրթիռներ։ Այն ռուսական ավիացիայի կարևորագույն միավորներից է և օգտագործվում է Ուկրաինայի պաշտպանական ուժերի դիրքերի, ինչպես նաև ռազմաճակատի գծի երկայնքով գտնվող բնակավայրերի վրա կառավարվող ավիառումբերով հարվածներ հասցնելու համար։