Ուկրաինան և Մեծ Բրիտանիան երեք միլիարդ դոլարի վարկ են ստորագրել պաշտպանական կարիքների համար, որը մարվելու է ռուսական սառեցված ակտիվներից
Ուկրաինան Մեծ Բրիտանիայից 3 միլիարդ դոլարի վարկ կստանա պաշտպանական կարիքների համար, որը կմարվի ռուսական սառեցված ակտիվներից։ Այս տեղեկությունը հրապարակել է Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը։
Վարկային պայմանագիրը ստորագրել են Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն և Մեծ Բրիտանիայի գանձապետարանի կանցլեր Ռեյչել Ռիվսը։
Ստորագրման արարողությանը մասնակցել են նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։
Գումարը կհատկացվի G7 երկրների՝ Extraordinary Revenue Acceleration for Ukraine (ERA) մեխանիզմի շրջանակներում, որը նախատեսում է 50 միլիարդ դոլարի վարկ հատկացնել Ուկրաինային։ Վարկը կսպասարկվի և կմարվի ռուսական սառեցված սուվերեն ակտիվներից ապագա եկամուտներով:
Ուկրաինայի ֆինանսների նախարարության հաղորդմամբ, Ուկրաինան այս մեխանիզմով արդեն ստացել է 1 մլրդ դոլար ԱՄՆ-ից, իսկ 3 մլրդ դոլար՝ Եվրամիությունից։