Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Դոնբասի անջատողական տարածաշրջանի առանձնահատուկ կարգավիճակի մեկ տարով երկարաձգելու օրենքը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Դոնբասի անջատողական տարածաշրջանի առանձնահատուկ կարգավիճակի մեկ տարով երկարաձգելու օրենքը: Գերագույն ռադան դեկտեմբերի 12-ին 320 կողմ ձայնով հաստատել է նշված օրենսդրական նախաձեռնությունը:
Զելենսկու կողմից ստորագրած փաստաթուղթը մեկ տարով երկարաձգում է Դոնեցկի և Լուգանսկի շրջանների մի մասի տեղական ինքնակառավարման առանձնահատուկ կարգը: Դոնբասի հատուկ կարգավիճակի երկարացումը տեղի է ունեցել դեկտեմբերի սկզբին, Փարիզում տեղի ունեցած նորմանդական գագաթնաժողովից հետո: Օրենքի ժամկետը լրանում էր դեկտեմբերի 31-ին, և այդ փաստը Ուկրաինայի նախագահին մամուլի ասուլիսի ժամանակ հիշեցրել է ՌԴ նախագահ, Վլադիմիր Պուտինը:
Լուգանսկի և Դոնեցկի շրջաններում անջատողականների կողմից վերահսկվող շրջաններում, տեղական ինքնակառավարման առանձնահատուկ կարգի մասին օրենքն առաջին անգամ գերագույն ռադան ընդունել է 2014 թվականի սեպտեմբերին: Այն ուժի մեջ է մտել այդ տարվա հոկտեմբերից ՝ երեք տարի ժամկետով: