Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայտարարությամբ՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ եռակողմ հանդիպման նոր փուլի մանրամասները համաձայնեցված են։
Ինչպես պարզաբանում է Զելենսկին, բանակցությունները, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան Ժնևում՝ առաջիկա 10 օրվա ընթացքում։
Նրա խոսքով՝ ուկրաինական կողմի պատասխանները «ամենաբարդ հարցերին» պատրաստ են, և սահմանված են առաջնահերթությունները բանակցողների թիմի համար, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ եռակողմ ձևաչափի համար։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ տարածքային հարցերում դրական արդյունքի չեն հասել։ Նրա խոսքով՝ Ուկրաինան տարածքներ չի զիջի Ռուսաստանին, և փոխզիջումն արդեն այն է, որ փոխզիջումների մասին խոսակցություններ են ընթանում։
«Այս պահին ոչ ոք առաջընթաց չի տեսնում տարածքային հարցերում, դա փաստ է, և մենք պետք է դա ընդունենք», – հայտարարել է Զելենսկին։
Միևնույն ժամանակ, Վլադիմիր Զելենսկիի հայտարարությամբ՝ կողմերը մոտ են համաձայնությանը գերիների քանակի և փոխանակման ամսաթվի վերաբերյալ։
Ինչպես նշել է Ուկրաինայի նախագահը, որոշ հարցերի լուծումը թիմերի մակարդակով հնարավոր չէ, և հենց այդ պատճառով է անհրաժեշտ առաջնորդների ուղիղ հանդիպումը։
«Ուկրաինան պատրաստ է այս ձևաչափին», – հայտարարել է Զելենսկին։